Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության և գեղեցկության օրն է, այլև Առողջության համաշխարհային օրը: Այս օրը առողջապահության համաշխարհային օրացույցի ամենակարևոր իրադարձություններից է, նվիրված է ամբողջ աշխարհում հանրային առողջության իրազեկման բարձրացմանը։ Տոնը ստեղծվել է 1950թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից: Օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել առողջության և առողջ ապրելակերպի կարևորության, ինչպես նաև առողջության հետ կապված խնդիրների վրա։
Ամեն տարի ԱՀԿ-ն ընտրում է հատուկ թեմա և կարգախոս, այս տարվա կարգախոսն է՝ «Առողջությունը բոլորի համար»:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի թերապևտ, ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների պրոպեդեւտիկայի ամբիոնի դասախոս Տաթև Հովհաննիսյանը նշում է, որ առողջության համաշխարհային օրը կարևոր իրադարձություն է պետությունների և բնակչության համար, այն լավ հնարավորություն է նաև տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների և բժշկական հաստատությունների համար՝ առողջապահական խնդիրների հետ կապված լուծումների մասով փորձի փոխանակման համար:
Բժշկի խոսքով` տոնը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է կյանքում առողջության կարևորության և մեր շրջապատի առողջության համար պատասխանատվություն ստանձնելու մասին։
«Առողջությունը ոչ միայն հիվանդության բացակայությունն է, այլ նաև լիարժեք ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցություն»,-ասում է Տաթև Հովհաննիսյանը և ներկայացնում, թե ինչ է պետք առողջ լինելու համար
առողջ ապրելակերպ
․ճիշտ սնվել
հրաժարվել վնասակար սովորություններից
զբաղվել սպորտով
կատարել տարեկան պրոֆիլակտիկ հետազոտություններ
գանգատների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի
չզբաղվել ինքնաբուժությամբ
բժշկի կատարած նշանակումներին հետևել:
.png)